Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ինչպե՞ս եք ընտրում ֆինանսական խորհրդատու

Ինչպե՞ս եք ընտրում ֆինանսական խորհրդատու
20.06.2008 | 00:00

Ինչպես հայտնի է, «Գրանդ Թորնթոն Ինթերնեյշնլ» համաշխարհային աուդիտորական և խորհրդատվական կազմակերպությունն ամենամյա Միջազգային գործարար զեկույցի (IBR) շրջանակներում տարբեր թեմաներով ուսումնասիրություններ է իրականացնում: Դրանք անցկացվում են մի շարք երկրներում, որտեղ ներկայացված է «Գրանդ Թորնթոն»-ը, այդ թվում` Հայաստանում: Ի դեպ, դրանք այն երկրներն են, որոնք ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի մոտ 80 տոկոսը: Ընդ որում, յուրաքանչյուր երկրում վերոնշյալ ուսումնասիրությունն իրականացվում է մասնագիտացված սոցիոլոգիական ընկերության, այսինքն` անկախ մարմնի կողմից: Բոլոր երկրներից ստացված հարցման արդյունքներն ամփոփվում են եվրոպական հեղինակավոր սոցիոլոգիական ընկերություններից մեկի` «Experian»-ի կողմից: Միջազգային գործարար զեկույցի շրջանակում իրականացված վերջին ուսումնասիրություններից մեկը պատասխան է տալիս այն հարցին, թե որ գործոններին և չափորոշիչներին են նախապատվություն տալիս գործարարները ֆինանսական խորհրդատու ընտրելու ժամանակ: Այս ուսումնասիրության արդյունքների շուրջ է մեր զրույցը «Գրանդ Թորնթոն Ամիօ» ընկերության բաժնետեր ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
-Նախ, խնդրում եմ, պարզաբանեք, թե ընդհանուր առմամբ ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվում գործարարները ֆինանսական խորհրդատու ընտրելիս:
-Ֆինանսական խորհրդատու ընտրելիս գործարարները հիմնականում նշանակություն են տալիս խորհրդատու կազմակերպության` միջազգային մասշտաբով ծառայություններ մատուցելու հնարավորությանը, տվյալ ոլորտում աշխատելու փորձին, խորհրդատու ընկերության բրենդի ճանաչելիությանը, մասնագիտական կարողություններին, այլ պրոֆեսիոնալ խորհրդատուների կողմից տրված խորհուրդներին և, այսպես կոչված, «Մեծ քառյակին» (Big four) պատկանելու գործոնին: Տվյալ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ աշխարհում ֆինանսական խորհրդատու ընտրելիս գործարարների 69 տոկոսն առաջնային նշանակություն է տալիս մասնագիտական գիտելիքներին: Դրան հաջորդում է բիզնեսի կոնկրետ ոլորտում մասնագիտական փորձ ունենալու գործոնը` 68 տոկոս: Ֆինանսական խորհրդատուի ընտրության վրա բավական մեծ է նաև պրոֆեսիոնալ խորհրդատուների կողմից տրված երաշխավորագրերի ազդեցությունը` 55 տոկոս: Համեմատաբար քիչ նշանակություն ունեն ֆինանսական խորհրդատուի բրենդի և միջազգային մասշտաբով ծառայություններ մատուցելու հնարավորություն ունենալու գործոնները` համապատասխանաբար 46 և 38 տոկոս: Հետաքրքիր է, որ գործարարների որոշումները նվազագույն չափով են պայմանավորված «Մեծ քառյակին» պատկանելու հանգամանքով: Այսպիսով` գործարար աշխարհը նախևառաջ նախապատվությունը տալիս է ֆինանսական խորհրդատուի մասնագիտական կարողություններին ու փորձին և հետո միայն` մյուս գործոններին:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանին վերաբերող արդյունքները:
-Ընդհանուր առմամբ, արձանագրված միտումների առումով Հայաստանի տվյալները բավական համահունչ են միջազգային ցուցանիշերին: Բնականաբար, ունենք նաև որոշակի առանձնահատկություններ: Հայաստանցի գործարարների պարագայում բավականին լուրջ ազդեցություն ունի միջազգային մասշտաբով ծառայություններ մատուցելու հնարավորությունը` 56 տոկոս (38 տոկոս համաշխարհային միջին ցուցանիշի համեմատ)։ Այս ցուցանիշը կարող է փոքր-ինչ տարօրինակ թվալ, սակայն այն նաև մատնանշում է, որ հայ գործարարներից շատերը նպատակադրվել են աշխատել միջազգային շուկայում: Բնականաբար, նրանք առավելագույնս շատ երկրներում գրասենյակներ ունեցող ֆինանսական խորհրդատուի կարիք ունեն։ Պարզվեց, որ Հայաստանում բավականին մեծ նշանակություն է տրվում նաև ոլորտային փորձին` 73 տոկոս: Այդ ցուցանիշը, ինչպես տեսնում եք, մոտ է համաշխարհայինին (68 տոկոս): Միևնույն ժամանակ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստանում մեծ նշանակություն է տրվում միջազգային բրենդի դերին` 59 տոկոս, համաշխարհային 46 տոկոսի պարագայում: Բացի այդ, մեզ մոտ չափազանց ազդեցիկ է խորհրդատուներից ստացված երաշխավորագրերի գործոնը: Այն կազմում է 81 տոկոս, և, փաստորեն, գործարարների համար խորհրդատու ընտրելու ժամանակ լուրջ խթան է հանդիսանում։
-Հավանաբար սա նաև մենթալիտետի՞ խնդիր է:
-Երևի ճիշտ եք. մենք ուրիշի խոսքերին ավելի շատ ենք հավատում: Բայց միևնույն ժամանակ հայաստանցի գործարարներն ավելի շատ են կարևորում մասնագիտական գիտելիքների գործոնը` մինչև 90 տոկոս (համաշխարհային 69 տոկոսի դիմաց):
-Ինչո՞վ եք բացատրում նման բարձր տոկոսը:
-Հավանաբար նման բարձր ցուցանիշի պատճառն այն է, որ հայաստանյան շուկայում մասնագիտական և այլ տեխնոլոգիաներին տիրապետող խորհրդատվական ընկերություններն այնքան էլ շատ չեն: Մինչդեռ արտասահմանում խորհրդատվական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակն իրարից այնքան էլ չի տարբերվում:
-Հետաքրքիր է, որ «Մեծ քառյակին» պատկանելու գործոնը Հայաստանում նույնպես համահունչ է համաշխարհային միտումներին և ցածր կշիռ ունի:
-Այո´, Հայաստանի ցուցանիշը համահունչ է համաշխարհային ցուցանիշին, վերջինս կազմում է 34 տոկոս: Սա, իրոք, ընտրություն կատարելիս ամենացածր ազդեցություն ունեցող գործոնն է, և այս իրողությունն իսկապես լիովին համահունչ է համաշխարհային միտումներին: Ինչևէ, տվյալ ուսումնասիրության արդյունքների վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ համաշխարհային շուկայում գործարարները գիտակցում են` որակյալ ծառայություն ստանալու համար ամենևին էլ պարտադիր չէ, որ ֆինանսական խորհրդատուն լինի, օրինակ, «Մեծ քառյակին» պատկանող ընկերություններից մեկը:

Զրուցեց Հայկուհի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 8533

Մեկնաբանություններ